Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քաղաքական զավեշտ

Քաղաքական զավեշտ
16.01.2009 | 00:00

ՀԱՏՈՒԿ «ԻՐԱՎՈՒՆՔԸ DE FACTO»-Ի ՀԱՄԱՐ
«Չկա նա, կա՛, սակայն, սուր կարիքը նրա գոյության։ Չկա, բայց պիտի գա նա, քանզի կա նրա գոյության աղաղակող պահանջը։ Նա չկա, բայց պիտի գա, քանզի հայը չի ուզում մեռնել։ Պիտի գա, պիտի հայտնվի ՆՈՐ ՀԱՅԸ, որպես ազգային ղեկավար` զինվորականի, պետական մարդու և մշակութային գործչի դերում։ Նա կգա, կհայտնվի նոր էությամբ` զերծ հին թթխմորեն»։
Գարեգին ՆԺԴԵՀ
Հայաստանի ներքաղաքական կյանքում իրականացվող ժամանակակից այլասերված տեղեկատվական հեղեղը խլացնում է տրադիցիոնալ արժեքային համակարգից բխած ընդդիմացող ցանկացած կարծիք, որը դուրս են մղել ոչ միայն լուսանցքային գիծ, այլև դատապարտել են ոչնչացման։ Հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու ժամանակակից տեխնոլոգիան չի սահմանափակվում միայն տեղի ունեցող իրադարձությունների խլացման կամ հակաճշմարտության և ճշմարտանման ամենօրյա լկտի քարոզումներով, այլև հագեցվում է էժանագին, անբարո և այլասերված զվարճանքների ինդուստրիայի և ազգային մշակույթի զեղծարարության գործում ցուցաբերած դիրիժորական բծախնդրությամբ։ Այստեղ սահմանվում է ինչպես կարծիքների թույլատրելի սպեկտրը, այնպես էլ հասարակական կարծիքի ձևավորման վերահսկողության դաշտը, հատկապես, եթե այն կապված է տարածաշրջանային և Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Եվ հենց այստեղից են առաջ գալիս ոչ միայն հասարակության որոշ շերտերի մեջ այլասերումի զարգացման հակումների խիստ դրսևորումները, այլև մի շարք թյուրըմբռնումներն ինչպես անհատի աշխարհընկալման, նույնպես էլ հասարակության գիտակցության մեջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներում։ Այն ունի իր բացասական ազդեցությունը լայն հասարակության շերտերի վրա և հատկապես վտանգում է ազգային արժեհամակարգի սյուները, որոնք, որպես միակամ հիերարխիա, մի կողմից հենված են մեր էթնոսի ու տարածքի, մյուս կողմից էլ մեր մշակույթի և ազգի հոգևոր միսիայի վրա։ Եվ հենց այդպիսի քարոզչական ֆոնի վրա են ներկայացվում Հայաստանի շրջափակման վերացմանն ուղղված տարբեր, սակայն մեկ գաղափարին ծառայող ծրագրերի հիթ-շքերթն ու ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման փաթեթափուլային զավեշտը։
Անարդյունավետ տնտեսական քաղաքականության պատճառներն արդարացվում են մի կողմից Թուրքիայի շրջափակումներով, իսկ մյուս կողմից էլ արցախյան հիմնախնդրով։ Սակայն նախ հարկ է նշել, որ աշխարհում ընթացող պատերազմների, գերտերությունների շահերի բախման, ազգամիջյան առճակատումների աշխարհագրական դիրքն ու տեղայնական տարածքները համընկնում են ստրատեգիական հումքերի, բնական պաշարների, էներգետիկ ռեսուրսների աշխարհաքաղաքական և ռազմաստրատեգիական գլոբալ քարտեզներին։ Այսինքն, Հայաստանը, գտնվելով ստրատեգիական կարևորագույն հատվածում, ուներ պոտենցիալ բոլոր հնարավորությունները` խոշոր արդյունաբերության, հաղորդակցման և այլ ռեսուրսների, սեփական տնտեսությունը զարգացնելու համար։ Մինչդեռ Հայաստանի դեմ իրականացված շրջափակումը բացասական որևէ նշանակալի ազդեցություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ մեր երկրի ընդհանուր սոցիալական զարգացման առումով։ Բացառությամբ որոշ դեպքերի, այն էլ մեծ մասամբ նեղ վերնախավային օլիգարխիկ խմբերի կողմից առևտրատնտեսական օգուտից զերծ մնալը։ ՈՒստի այն ներքաղաքական կյանքում միայն ներկայացված շոու էր։
Սակայն ակնհայտ է, որ շրջափակման վերացումը լուրջ խնդիր է դարձել ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական, ռազմաստրատեգիական, տնտեսական և էներգետիկ կոմունիկացիոն ռեսուրսների լիարժեք տնօրինման առումով։ ԱՄՆ-ը դեռևս առաջնորդվում է Մոնրոյի գլոբալ հայեցակարգով, իմա` նախագահ Ջեյմս Մոնրոյի կողմից 1823 թ. հռչակած «Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի մենիշխանության հաստատման մասին» ծրագրով, որը նախատեսում է ԱՄՆ-ի մենիշխանությունը ողջ աշխարհում։ Դա առկա էր նաև Դալես եղբայրների ժամանակահատվածում։ Իսկ թուրք-ադրբեջանական քաղաքական վերնախավն իր աշխարհաքաղաքական նկրտումների մեջ բավականին լավ է հասկացրել, որ շրջափակման վերացումը տարածաշրջանային մասշտաբով ոչ միայն առևտրատնտեսական մեծ օգուտներ կարող է բերել երկու պետություններին, այլև ընդհանուր ստրատեգիական նվաճումներ և քաղաքական հաղթանակներ ապահովել` մինչև իսկ եվրոպական դիվանագիտական կորպուսներում։ ՈՒստի և շրջափակման վերացումը բխում է միայն տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել ցանկացող ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։
Թուրք-ադրբեջանական հարաբերությունները, շնորհիվ նոր քաղաքական իրողության և աննախադեպ հնարավորությունների, հակված են սրընթաց տեմպերով զարգանալու, որի արդյունքում ամրապնդվելու են Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում` աստիճանաբար նրան վերածելով Հարավային Կովկասի ամենահզոր և կայուն պետության։ Ստեղծված դաշինքին ստրատեգիական գերակշռող դեր է հատկացվում ողջ տարածաշրջանում, մինչդեռ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի դիրքերը բավականաչափ թուլանում են։ Հայաստանն ու Վրաստանը, ներգրավվելով թուրք-ադրբեջանական դաշինքում, և հատկապես Հայաստանը, բացելով իր ճանապարհները Թուրքիա-Ադրբեջան կապի իրականացման համար, վերածվում են համադաշնության կցորդի։ Ռազմավարական նման հեռանկարում Հայաստանի աշխարհաքաղաքական կշռի նվազումը մեր երկիրը վերածում է արդեն երրորդական կարգի գործոնի։
Եվ հենց այս իրականության ֆոնի վրա, երկրի ներսում իրականացվող ապատեղեկատվական գրոհների, քարոզչական և ուղեղների լվացման ենթատեքստում, համոզիչ կերպով հրամցվում են Արևելք-Արևմուտք իրար կապող հաղորդակցության անփոխարինելի և միակ փրկության ճանապարհը հանդիսացող ծրագրերը։ Մինչդեռ նշված հաղորդակցության ուղիները միակը չեն, և կան այլընտրանքային ուղիներ։ Իրականության մեջ Հայաստանի հաղորդակցման միջոցների նշանակությունը սպասվածից չափազանց մեծ է, և ինքնիշխան պետության շահերը թելադրում են ջանքերի էլ ավելի կենտրոնացում Հյուսիս-Հարավ հաղորդակցության ծրագրերի ուղղությամբ` Իրան-Ռուսաստան, Իրան-Եվրոպա, Պարսից ծոց-Սև ծով և այլն։ Հաղորդակցության միջոցների համար Հայաստանն ունի պոտենցիալ հնարավորություններ` եվրասիական քաղաքականության մեջ ներկայանալու որպես ամենահարմար միջանցքը տարածաշրջանում։
Ադրբեջանի անկախ պետության ստեղծումն աշխարհաքաղաքական մի մեծ ծրագրի իրականացված փոքրիկ դետալն էր միայն և ոչ թե կովկասյան այդ խառը բնակչության «ազգային» ինքնագիտակցության որևէ մակարդակի արդյունք։ Պետության ստեղծման ծրագիրը մշակվեց պանթուրքական շրջանակներում` որպես պանթուրքիզմի ռազմավարության մի մաս։ Այդ ծրագիրն իր էությամբ ուղղված էր հիմնականում Ռուսաստանի, Իրանի և հայության դեմ։ Իր գոյության ողջ ընթացքում նա վարել է թուրքական տարրի գերիշխանության հաստատման քաղաքականություն` ազգային փոքրամասնությունների դուրս մղմանը և նրանց մշակույթի յուրացմանը զուգահեռ։ Ադրբեջանի հանրապետության քողի տակ պանթուրքիզմը թաքցրել է շատ ավելի ընդարձակ տարածքներ, ուր ընդգրկված են Իրանական Ատրպատականը` «Ադրբեջան», Արևելյան և Արևմտյան Հայաստանի ներկայիս և պատմական տարածքների զգալի մասը` Երևան, Ախալքալաք, Վան, Էրզրում և այլն։ Ադրբեջանն իր ներկայիս սահմանների անխախտելիության պարագայում աշխարհաքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում առավելապես երկու տեսանկյունից։ Մի կողմից` պանթուրքական, իսկ մյուս կողմից էլ` ատլանտիստական։ Ադրբեջանն այս երկու ռազմավարությունների համար էլ հանդիսանում է Միջին Ասիայի բանալին։ Նկատի ունենալով տարածաշրջանի պետությունների աշխարհագրական դիրքերի առկա դասավորությունը, ուր Ադրբեջանի պետության տարածքներն անմիջականորեն սահմանակից են մի կողմից Իրանին, Հայաստանին, Ռուսաստանին, Վրաստանին ու մյուս կողմից էլ, Նախիջևանի տարածքով, Թուրքիային և ընդունելով ստեղծված իրականության մեջ գլխավոր այն հանգամանքը, որ պանթուրքական և ատլանտիստական ստրատեգիաները պարունակում են մեծ մասամբ աննախադեպ խիստ վտանգավոր էլեմենտներ, ապա այդ փաստն իսկ միանշանակ պիտի համարվի վերոնշյալ պետությունների համար լրջագույն մարտահրավեր։
ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ «միջազգային իրավունքի» շրջանակներում ընթացող բանակցությունները շրջանակված են միայն եռապետությունների շահերի հետաքրքրությամբ և ոչ թե հիմնախնդրի կարգավորմամբ։ Նախ, համաշխարհային փորձը բազմիցս փաստեց, որ «կարգավորում» ամենևին էլ չի նշանակում խաղաղություն, հատկապես, եթե այն պարտադրվում է որևէ կողմին։ «Կարգավորումը» պարունակում է թե՛ հանրաքվե, թե՛ տարածքների փոխզիջման և թե՛ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման գաղափար, որն այլևս պատերազմաշինության արդիական ձևերից մեկն է։ Սակայն արծարծվող հանրաքվեի գաղափարը նույնպես չի կարող դիմանալ ազգային մի քանի սպեցիֆիկ սկզբունքներին, նախ, որ հայրենիքը չի ընտրվում որևէ տեսակի ընտրություններով, այնպես, ինչպես որ հնարավոր չէ ընտրել ծնողին, նույնպես էլ միայն ներկայիս սերունդը չի կարող իր վրա կրել ինչպես նախորդների, այնպես էլ ապագա սերունդների ողջ գործունեության պատասխանատվությունը։ Քանզի ժողովուրդը միայն ներկան չէ, այլ ժամանակի, տարածության մեջ իր արարումից մինչև հավերժությունն ընթացող հաջորդական սերունդների պատմական-օրգանական մեկ ամբողջություն է։ Իսկ խաղաղապահ միջազգային ուժերի ներգրավումը հակամարտության գոտիներ իբրև անվտանգության երաշխիք հայտնի է համաշխարհային հանրությանը որպես սերբական Կրաինա, Լիբանանի հարավ, Մակեդոնիա և այլն։
Իրականության մեջ գոյություն չունի ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման հարց, հատկապես ԼՂՀ-ի հարցի միջազգային կարգավորում։ Արցախը պատմական Հայաստանի անքակտելի մասն է, որի տարածքային միայն մեկ հատվածն է այսօր ազատագրված ողջ հայության կողմից։ Գոյություն չունեն նաև Հայաստանի և Արցախի առանձին հատվածական շահեր, այլ կա աշխարհով մեկ սփռված և իր բոլոր հատվածներով մեկ ամբողջական միասնականություն կազմած ազգային շահ։ ՈՒստի արցախահայությանը պարտադրված ազգային ինքնորոշման գաղափարը միայն կեղծ հասկացություն է և ուղղված է ոչ միայն տարածքների զիջմանը, այլև միտված է հայ ժողովրդի մեջ տարանջատում ու հակադրություն առաջացնելուն։ Մինչդեռ արցախյան «հիմնախնդրի կարգավորման» անվերջանալի գործընթացներում բավականին քաղաքական ուժեր են այրվել, և, շարունակվող շահարկումների արդյունքում, բավական ուժեր էլ դեռ պիտի այրվեն։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ցմահ ազատազրկված4 դեկտեմբերի, 2008 թ.

Դիտվել է՝ 4214

Մեկնաբանություններ